Print

ENG - ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՈՎԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Դուք, որպես Պատվիրատու, և «Լիգոկոնսալթինգ»ՍՊԸ-ն, այսուհետ՝ Կատարող, հանձին տնօրեն Գոռ Մովսիսյանի, որը գործում է կանոնադրության հիման վրա, մյուս կողմից (երկուսը միասին այսուհետ` Կողմեր), կնքում եք սույն պայմանագիրը հետևյալի մասին

Պայմանագրում օգտագործվող հասկացություններ

1. Դատական ակտ - Հայաստանի Հանրապետությունում գործող դատարանների, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված հրապարակային, օրինական ուժի մեջ մտած և Համակարգի բազայում առկա վճիռներ, դատավճիռներ, որոշումներ (վերջնական դատական ակտեր) ։
2. Որոնման համակարգ - ինտերնետային կայքում տեղադրված, որոնման տարբեր սկզբունքների համակցմամբ Դատական ակտերի որոնման համակարգ։
3. Ինտերնետային կայք - www.armlaw.am, www.ligo.am ինտերնետային կայքեր։
4. Սակագնային պլան - սույն պայմանագրին կից հավելվածում նշված, վճարումների չափերի և ծառայությունից օգտվելու ժամանակահատվածի համակցում։
5. Բարեխիղճ օգտագործում - Պատվիրատուիի կողմից տրամադրված ծածկանվան (ծածկանունների) և գաղտնաբառի (գաղտնաբառերի) ինքնուրույն օգտագործում։ Ծածկանվան (ծածկանունների) և գաղտնաբառի (գաղտնաբառերի) որևէ ձևով տարածումը համարվում է ոչ բարեխիղճ օգտագործում։ Ոչ բարեխիղճ է համարվում նաև Որոնման համակարգի ոչ բնականոն` այլ ծրագրերի, տեխնիկական միջոցների միջամտությամբ շահագործումը։
6. Որոնման համակարգը օգտագործելու ծրագրային սահմանափակումներ - ողջամիտ ծրագրային սահմանափակումներ, որոնք անհրաժեշտ են Որոնման համակարգի անվտանգ շահագործումն ու տեղեկատվության անվտանգությունն ապահովելու համար։
7. Համակարգի բազա - հասանելի տեղեկատվության աղբյուրներից ստացված դատական ակտեր։
8. Ծանուցում - կապի կամ էլեկտրոնային (այդ թվում Որոնման համակարգի) միջոցների գործածմամբ Պատվիրատուին ուղարկված հաղորդագրություն։

1. Պայմանագրի առարկան

1.1. Սույն պայմանագրով` Կատարողը պարտավորվում է Պատվիրատուին մատուցել սույն պայմանագրի 1.2. կետում նշված ծառայությունները, իսկ Պատվիրատուն պարտավորվում է վճարել այդ ծառայությունների համար։
1.2. Կատարողը պարտավորվում է Պատվիրատուին ինտերնետային կայքի միջոցով տրամադրել դատական ակտերի Որոնման համակարգից օգտվելու հնարավորություն։
1.3. Ծառայությունները մատուցված են համարվում Կատարողի կողմից Պատվիրատուին ծածկանունը (ծածկանունները) և գաղտնաբառը (գաղտնաբառերը) տրամադրելու պահից։ Ծածկանվան (ծածկանունների) և գաղտնաբառի (գաղտնաբառերի) տրմադրման պահ է համարվում ծածկանունը և գաղտնաբառը էլեկտրոնային եղանակով կամ հասարակ գրավոր ձևով Պատվիրատուին տրամադրելը: Էլեկտրոնային եղանակով ծածկանունը (ծածկանունները) և գաղտնաբառը (գաղտնաբառերը) Պատվիրատուին ուղարկվում է վերջինիս կողմից տրամադրված եւ/կամ սույն պայմանագրի 8-րդ կետում նշված էլ. փոստի հասցեով:

2. Կողմերի իրավունքները և պարտականությունները

2.1. Կատարողը պարտավոր է`

2.1.1. Որոնման համակարգի միջոցով ապահովել Համակարգի բազայում առկա դատական ակտերի հասանելիությունը պատվիրատուին։
2.1.2. Ապահովել Պատվիրատուի մուտքը Որոնման համակարգ նրան տրամադրված ցանկացած ծածկանվան և գաղտնաբառի առաջին անգամ մուտքագրման պահից մինչև ընտրված Սակագնային պլանով սահմանված ժամկետի ավարտը։ Պատվիրատուին տրամադրվում է ծածկանուն և գաղտնաբառ պայմանագրի գինը վճարելուց 48 ժամվա ընթացքում:

2.2. Պատվիրատուն պարտավոր է`

2.2.1. Կատարողին վճարել սույն պայմանագրի 3-րդ կետում նշված չափով և կարգով։
2.2.2. Բարեխղճորեն օգտագործել տրամադրված ծածկանունը (ծածկանունները) և գաղտնաբառը (գաղտնաբառերը), ինչպես նաև Որոնման համակարգը։ Չշրջանցել Որոնման համակարգը օգտագործելու ծրագրային սահմանափակումները։
2.2.3. Որոնման համակարգում առկա տեղեկատվությունը (դատական ակտը) որևէ ձևով օգտագործելուց, տարածելուց կամ վկայակոչելուց առաջ ստուգել այդ տեղեկատվության համապատասխանությունը պաշտոնական աղբյուրներին։

2.3. Պատվիրատուն իրավունք ունի`

2.3.1. Օգտվել Որոնման համակարգից կատարված վճարմանը համապատասխանող ժամանակահատվածում։
2.3.2. Ցանկացած ժամանակ, մինչև Սակագնային պլանով նախատեսված ժամկետի ավարտը, երկարացնել օգտագործման ժամկետը` Սակագնային պլանին համապատասխան վճարում կատարելով։

2.4. Կատարողն իրավունք ունի`

2.4.1. Հաշվառել ինտերնետային կայք կատարվող մուտքերը։
2.4.2. Արգելափակել Պատվիրատուի մուտքը Որոնման համակարգ` Որոնման համակարգի անվտանգության ապահովման ինչպես նաև անբարեխիղճ օգտագործումը կանխելու նպատակով` այդ մասին Ծանուցելով պատվիրատուին։

3. Պայմանագրի գինը և վճարման կարգը

3.1. Սույն պայմանագրի գինը պայմանագրի 1.2. կետում նշված ծառայությունները մատուցելու համար կազմում է ընտրված Սակագնային պլանին համապատասխանող գումար` ընտրված յուրաքանչյուր ծածկանվան և գաղտնաբառի համար։
3.2. Պատվիրատուի կողմից Կատարողին պայմանագրային գինը վճարվում է սույն պայմանագրում նշված Կատարողի հաշվարկային հաշվին փոխանցելու միջոցով, ինտերնետային կայքում տեղադրված էլեկտրոնային վճարման համակարգի միջոցով կամ կանխիկ` մինչև ծածկանվան և գաղտնաբառի տրամադրումը։ Բոլոր դեպքերում ծածկանունը (ծածկանունները) և գաղտնաբառը (գաղտնաբառերը) տրամադրվում են վճարումը կատարելուց հետո։
3.3. Պատվիրատուի կողմից Որոնման համակարգից օգտվելու ժամանակահատվածը ավարտվելուց հետո, վերջինիս մուտքը համակարգ արգելափակվում է։ Արգելափակումից հետո Պատվիրատուն Սակագնային պլանին համապատասխան վճարում կատարելու դեպքում դարձյալ կարող է մուտք գործել Որոնման համակարգ և օգտվել համակարգից սույն պայմանագրի պայմաններին համապատասխան:

4. Կողմերի պատասխանատվությունը

4.1. Ծառայությունների մատուցման ժամկետը խախտելու համար, եթե խախտումը մեկ օր և ավելի է, Կատարողը երկարացնում է համակարգից օգտվելու հնարավորությունը` խախտված յուրաքանչյուր օրվա համար Սակագնային Մեկօրյա փաթեթին համապատասխան ժամեր տրամադրելով։
4.2. Ծառայությունների համար վճարման ժամկետը խախտելու համար Պատվիրատուն Կատարողին վճարում է տույժ՝ կետանցի յուրաքանչյուր օրվա համար պայմանագրի գնի 0,5 տոկոսի չափով։
4.3. Կատարողը պատասխանատու չէ համակարգում առկա տեղեկությունները (դատական ակտերը) Պատվիրատույի կողմից օգտագործելու ընթացքում պաշտոնական աղբյուրների հետ հնարավոր անհամապատասխանատության համար։

5. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, ինտերնետային կապի դադարեցումը, ինտերնետային կայքի սպասարկման (hosting) դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով պարտավորությունների կատարումը։ Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել պայմանագիրը՝ պայմանագրի լուծման համաձայնագիր կնքելու միջոցով` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին։

6. Վեճերի լուծման կարգը

Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերի լուծումը հանձնվում է դատարանի քննությանը։

7. Եզրափակիչ դրույթներ

7.1. Սույն պայմանագրի անբաժանելի մասն են կազմում կայքի "Կնքել պայմանագիր" բաժնում տեղադրված և Ձեր կողմից լրացվող բոլոր պայմանները։
7.2. "Համաձայն եմ" կոճակը սեղմելով Դուք ընդունում եք սույն պայմանագրի և դրա անբաժանելի մասը հանդիսացող պայմանները։

Կատարող

«Լիգոկոնսալթինգ» ՍՊԸ
ք. Երևան, Մանթաշյան 21
ՀՎՀՀ 02248224
«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ, բանկային
դրամային հաշիվ 1510009051260100
տնօրեն` Գոռ Մովսիսյան